Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Շանս կա՞ լուծել Կիպրոսի հարցը

Շանս կա՞ լուծել Կիպրոսի հարցը
09.01.2017 | 10:24

Եվրոպայում կա մի անկյուն, որտեղ ժամանակը կանգ է առել 1974-ին: Անմարդ փողոցներում դանդաղ քանդվում են լքված տները, փոշոտ ավտոսրահներում ժանգոտում են ավտոմեքենաները՝ ժամանակին նոր ու փայլփլուն, իսկ հիմա եզակի, որ այդպես էլ ոչ մի անգամ ավտոմայրուղի դուրս չեկան: Լքված միջազգային օդանավակայանում կանգնած է քանդվող ուղևորատարը, որ ինչ-որ ժամանակ զբոսաշրջիկներ էր բերում, բայց այլևս երբեք երկինք չի բարձրանա:
Բարի գալուստ Կիպրոսի բուֆերային գոտի:
40 տարի առաջ, երբ երկրում Աթենքի նախաձեռնած հեղաշրջման փորձ եղավ, որից հետո կղզի ներխուժեցին թուրքական զորքերը, այստեղ արագ անցկացվեց Կանաչ գիծ՝ մոտ 160 կիլոմետր:


Այդ ժամանակից սա բաժանարար գիծ է, որ տեղ-տեղ անցնում է քաղաքի թաղամասերով՝ բաժանելով բրիտանական նախկին գաղութը հարավային՝ հունական և հյուսիսային՝ թուրքական մասերի: Սահմանին ՄԱԿ-ի խաղաղապահներն են, նրանցից բացի ոչ ոք այստեղ մուտք չունի: Կոնֆլիկտին վերջ դնելու ու բաժանված կղզու երկու մասերը միավորելու լուրջ փորձեր չեն եղել և ահա 40 տարուց ավելի Կիպրոսում պահպանվում է ստատուս քվոն: Բայց ամեն ինչ կարող է փոխվել: Քաղաքագետներն ու դիվանագետները հավաքվում են Ժնևում՝ հույս ունենալով Կիպրոսի խնդրին լուծում գտնել: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի փոխնախարար սըր Ալան Դունկանը, որ անցյալ շաբաթ Աթենքում ու Անկարայում էր, Թվիթերում հույս է հայտնել, որ շուտով հնարավոր կդառնա կոնֆլիկտն ավարտել: Տարբերակը, որ քննարկվում է, միասնական, բայց դաշնային Կիպրոսի ստեղծումն է, որտեղ իշխանությունը կբաժանեն հունական ու թուրքական համայնքների ներկայացուցիչները: Նախորդ դիվանագիտական փորձերը կենսունակ դաշնության ստեղծման չեն բերել:


Ռեալ հնարավորություն
Եկող շաբաթ կոնֆլիկտի երկու կողմերը բանակցությունների նոր ռաունդ կսկսեն: Եթե որոշակի առաջընթաց ձեռք բերվի, բանակցային գործընթացին կմիանան Մեծ Բրիտանիայի, Հունաստանի ու Թուրքիայի՝ երեք երկրների, որ հիմա ապահովում են Կիպրոսի անվտանգությունը, արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները: Կղզում գտնվող բրիտանական երկու ռազմաբազաների ապագան բանակցություններից կախված չէ: Բանակցություններում Մեծ Բրիտանիան ներկայացնելու է ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը, ներկա կլինի և ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: Եթե խաղաղություն կնքելու ռեալ շանս լինի, բանակցություններին կմիանան Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:

Հանգստյան օրերին Մեյն արդեն այդ թեմայով զրուցել է Էրդողանի հետ, և նրանք միակարծիք էին, որ ներկա բանակցությունները «ռեալ շանս են տալիս լավագույն ապագա ապահովելու համար Կիպրոսին ու երաշխավորել կայունությունը տարածաշրջանում»՝ ինչպես տեղեկացրել է Բրիտանիայի վարչապետի մամլո ծառայությունը: Բայց, և դա շատ մեծ «բայց» է, այդ ամենը մենք լսել ենք բազմիցս: Պայմանավորվածության հանգելու նախորդ փորձերը բախվել են տեղական քաղաքականության թնջուկին և Հունաստանի ու Թուրքիայի լարված հարաբերություններին: Ներկա փորձի հաջողությունը ոչ ոք չի երաշխավորում: Այնուամենայնիվ, որոշ տվյալներ կան, որ այս անգամ ամեն ինչ կարող է ստացվել: Դիվանագետների խոսքով և հույների ղեկավար Նիկոս Անաստասիադիսը, և թուրքերի ղեկավար Մուստաֆա Ակինջին իրոք ուզում են պայմանագիր կնքել: Բանակցությունների ձախողումը ձեռնտու չէ կողմերից ոչ մեկին: Թուրքիան ևս շահագրգիռ է հաջողության՝ Հյուսիսային Կիպրոսը պահելը էժան չէ, իսկ նախագահ Էրդողանը այս հարցում մանևրի ավելի շատ տեղ ունի իր նախորդներից: Բանակցություններում, որ շարունակվում են 19 ամիս, արդեն որոշակի հաջողություններ կան, բայց մնում են և էական տարաձայնություններ:


*Ինչպե՞ս ապահովել թուրք կիպրացիների անվտանգությունը կղզուց 30- հազարանոց թուրքական բանակի դուրսբերումից հետո:
*Պե՞տք է թուրքական բանակի մի մասը թողնել, թե՞ Թուրքիային իրավունք տալ անհրաժեշտության դեպքում միջամտել:
*Եթե ոչ, ո՞վ կարող է դառնալ երաշխավոր՝ Մեծ Բրիտանիա՞ն, թե՞ Եվրամիությունը, որի անդամ է Կիպրոսը:
*Դեռ ինչքա՞ն տարածք է պետք հույներին, որ երկու մասերի հարաբերակցությունն արտահայտի փաստը, որ հույները կղզու բնակչության մեծամասնությունն են:
*Որտեղո՞վ պիտի անցնի սահմանը:
*Ինչպե՞ս վարվել հույների անշարժ գույքի հետ, որ ստիպված էին լքել 1974-ին:
*Պե՞տք է նրանց սեփականությունը վերադարձնելու իրավունք տալ, թե՞ փոխհատուցում վճարել: Եթե փոխհատուցում, ինչքա՞ն:
*Ինչպե՞ս պետք է իշխանությունը բաժանեն երկու համայնքները:
*Հերթագայող նախագահության դեպքում ինչպե՞ս պետք է մեխանիզմն աշխատի, կարո՞ղ է թուրք կիպրացիների նախագահը ժամանակ առ ժամանակ Կիպրոսը ներկայացնել ԵՄ սամմիթներում:


Եվ, իհարկե, ամենադժվար հարցը՝ Կիպրոսի երկու համայնքների համար ի՞նչ պայմանագիր է ընդունելի: Ժնևում ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն պետք է ընդունեն բանակցող երկու կողմերը, Հունաստանի ու Թուրքիայի իշխանությունները: Պետք է ընդունեն նաև Հարավային ու Հյուսիսային Կիպրոսի բնակիչները երկու հանրաքվեներով, որ ծրագրվում են այս տարի: 2004-ին ձեռք բերված պայմանավորվածությունը հույն կիպրացիները ձայների ճնշող մեծամասնությամբ մերժեցին: Բանակցողները բազում խոչընդոտներ ունեն և հաջողության ոչ մի երաշխիք: Դիվանագետները հույսերը չեն կորցնում, իսկ խաղաղություն կնքելու միտքն արդեն ստիպում է արագ բաբախել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների սրտերը: Միջազգային քաղաքական ասպարեզում լավ լուրերը այսօր մեծ դեֆիցիտ են և կիպրական խնդրի լուծումը հույսի իսկական շող է, որ կարող է հաստատել՝ բանակցություններն ու համագործակցությունը կարող են շոշափելի արդյունքներ տալ, մինչդեռ շատ երկրներ նախընտրում են ուժային տարբերակը: Բացի այդ՝ դա թույլ կտա Թերեզա Մեյին աշխարհին ապացուցել, որ չնայած Բրեկզիտին, Բրիտանիան միջազգային ասպարեզում դեռ մեծ կշիռ ունի: Եվ ամենագլխավորը, դա կլուծի պրոբլեմը, որ այսքան երկար փչացրել է հարաբերությունները Հունաստանի հետ ու գլխացավանք է ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի համար:
Ջեյմս ԼԱՆԴԵՅԼ, BBC


Հ.Գ. Կիպրոսի հարցի լուծումը չափազանց շահեկան է ոչ միայն Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի համար՝ Բրեկզիտի պայմաններում, ոչ միայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի համար՝ Արևմուտքի հետ տարաձայնությունների (ԵՄ անդամակցության բանակցությունների կետերից մեկն էլ Կիպրոսի հարցն է) և ֆինանսատնտեսական ճգնաժամի պարագայում, այլև ՄԱԿ-ի նորընտիր նախագահ Անտոնիու Գուտերեշի, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի համար: Կիպրոսի Կանաչ գիծը կանաչ կղզում անապատի գիծ է, որ կասեցնում է պատերազմը հույների ու կղզու մի մասը գրաված թուրքերի միջև: Կիպրոսի հարցի լուծումը փայլուն նախադեպ կլինի միջազգային բոլոր կոնֆլիկտները խաղաղ ճանապարհով լուծելու համար:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2835

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ